Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…


Եվ շատ ավելի վատթար է ցավը,
Քան անարգանքն ու անպատվությունը,
Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ ու վսեմի՜ն,
Լսո՞ւմ եք, տղե՛րք,
Վե՛հ ու վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,
Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜:
Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:
Բայց Սահարայի ավազն իսկապես
Շինարարական շաղախ չի՜ դառնում.
Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝
Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,
Հարկավո՜ր ավազ:

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը
Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,
Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):
Եվ բավական չէ՞,
Որքան մերպեսին
Այլասերեցին այդ պատրանքները՝
Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝
Հուղարկավորման լռությամբ լռենք
Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝
Իբրև նորօրյա աղվեսադրոշմ
Սին պատրանքների ճակատի համար…

Կորչելը, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,
Աղետն էլ գոնե լավ է այնքանով,
Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:
Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է (բառը չե՛մ ասում),
Որ տարածվում է… խոնավության պես
Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա
Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքով:
Անգե՛տ տղաներ,մի՞թե չգիտեք
Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:
Նա հենց այնտեղ է,որտեղ պատրանքն են պատանքում, տղե՜րք,
Պատրա՜նք պատանքում:

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:
Եվ Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:
Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,
Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,
Այլ սուրբ ավյուն է
Ու սուրբ արյուն է,
Որ պիտի տա ծիլ
Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,
Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,
Այլ իբրև … պատա՜նք,
Որ… պատառոտվի պատանք-պատրանքը
Եվ համբարձվելով հառնի նո՛ր ոգին:
Նո՜ր ոգին, տղերք,
Նո՛ր ոգին, նո՜րը…


Ձմեռային նվազ արեգակը կրկին
Շողն իր դարձըրել է ճոպանուղի մի շեղ,
Որով ճամփորդում է անվախ փոշին միայն
Վաղո՜ւց չմաքըրված իմ սենյակում:

Ցավի պտտահողմից կյանքիս ամբողջ փոշին
Բարձրացել է տեղից ու աչքերըս խցել,
Եվ իմ արցունքները դրանցից են գուցե…

Ու վերստին ես ինձ դուրս եմ գցում փողոց:

Քաղաքային նեղլիկ ամեն պատշգամբում,
Ինչպես նորատեսակ տապկոցի մեջ,
Ձյունն է հիմա եռում մարմա՜նդ-մարմա՜նդ՝
Արձակելով բարակ գոլ գոլորշի:
Իսկ շեղ կտուրներից ու քիվերից, հանկարծ,
Ձյան կույտեր են երբեմն այնպես փռվում գետին,
Ասես հարբա՜ծ լինեն՝
Արեգակի՛ց հարբած…

Ես աչքերիս խորքում կասկածներս եմ ճմռում
Իմ բարեկամ ձեռքի պարզ օգնությամբ,
Ու բութ կոշկաքթով կտրատում եմ կրկին
Խուճուճ հանգույցները փողոցների:

Հավատ չընծայելով իր իսկ խոսքին ճոռում՝
Կեղծ-դասական մի հողմ հավակջ՜ց է ճառում,
Խոսում սրբությունի՜ց,
Հավերժական սիրու՜ց:

Իսկ ես… իսկ ես, կարծես երազի մեջ,
Ինձ զգում եմ ինչ-որ վանքի գավթում՝
լեցուն խեղվածներով ու մուրացողներով,
Եվ չմեկնած ձեռքիս ափում դատարկ
Եթե մինչև անգամ տասնոց դնեն,
Ես – փորձե՜լ եմ արդեն – չե՛մ գոհանա.
Ես քո կոպեկների՜ կարիքն ունեմ:

Բայց ես աշխարհ չեկա, որ «գթացե՜ք» նվամ,
Ես ծնվել եմ, որ գութ ու բարություն ցրեմ…

Եվ ինքնասեր-հպարտ ջղե՞րս են ցնցում,
Թե՞ քամին է սարսում ամեն վայրկյան՝
Էլեկտրական ուրույն հոսանքի պես:

Մութը սոսնձվում է հոգուս և աչքերիս:

Լարի վրա թառած ագռավը սև
Հանկարծ – ինձ տեսնելո՞ւց – ճչում է խռպաձայն,
Դեմքս, հավանաբար, ահավոր է սաստիկ:
Ու խենթ նայելով ինձ՝
Շունն էլ է գռմռում,
Քաղաքայի՜ն շունը, որ չի հիշում նույնիսկ,
Թե մինչև դա մեկ էլ ե՞րբ է հաչել:

Ու երբ տուն եմ մտնում ու հայելուն նայում,
Հասկանում եմ շա՛նն էլ, ագռավի՛ն էլ.
Քո երեկվա սերն է լուսավորում դեռ ինձ,
Բայց և մեր բաժանման շուքն է ընկել վրաս,
Եվ զգում եմ ես ինձ ա՛յն վիճակում ծանըր,
Որ և պատահում է արեգակին նույնիսկ
Եվ (քանի՜ դար արդեն) «խավարում» է կոչվում:

Եթե խավարում է՝ թող իր լրի՜վ լինի
Եվ ո՛չ թե մասնակի:
Թող մթընդի այնպե՜ս,
Որ երևան երկնի բոլո՛ր աստղերն անգամ.
Ամեն մեկը՝ մի կին,
Ամեն մեկը՝ աղջիկ,
Որոնց ես շա՜տ վաղուց չեմ նկատում՝
Քո խաբուսիկ սիրո ցոլանքի մեջ:

Թող խավարում լինի լրի՛վ-լրի՛վ-լրի՛վ…

Ու ես լույսն եմ վառում իմ սենյակի,
Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
Որ…տառերը սերտեմ նո՛ր մի սիրո,
Օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր-օտա՛ր սիրո…


Երկու նռնակ՝ կրծքիդ վրա…
Երանի՜ թե նրանց պայթյունն ինձ սպաներ
Անտառի մեջ՝
Փասիանների ներկայությամբ
Կամ սենյակում՝
Վարագույրի վկայությամբ…

Ու երկու աչք՝ հոնքերիդ տակ
Պատերազմի երկու հրձի՜գ…
Ե՛կ, գրավի՜ր, միացրու քե՛զ.
Ես մի ամբողջ տիրություն եմ անտիրական,
Որ վաղուց է զգում կարիք
Քեզ պես վայրագ ու բարբարոս տիրակալի…

Ու երկու ոտք՝ նազանքիդ տակ,
Մկրատ մի նուրբ, որ կոպտորեն
Կտրատում է թելն ըղձանքիս,
Ինչպես լույսի էլեկտրական լարն են հանում,
Եվ խավարը անհուսության
Ինձ է ներսից շրջապատում…

Եվ զույգ ականջ՝
Ցորենագույն գանգուր մսե
Սևամազի գանգուրիդ տակ անթափանցիկ…
Եվ զո՜ւր մի կանչ.
Դու չե՛ս լսում,
Որովհետև…մտքիս մեջ եմ հետըդ խոսում,
Որովհետև մինչև անգամ…ծանո՜թ չեմ քեզ…

Ու թերևս դու կի՛ն էլ չես,
Այլ գուցե իմ…արգելանո՜ց,
Ուր հասնում են նռնե՜ր վայրի,
Ուր փասիաններն են զբաղվում հրձիգությա՜մբ,
Ուր հրազեն չի արձակում ո՜չ մի որսորդ…

Արգելանո՜ց…արգելանո՜ց:
Ես հասկացա՛,
Բայց…ոտքե՜րըս չեն հասկանում
Եվ, ինքնաշարժ կարկինի պես,
Բնա՜վ կամքըդ չհարցնելով՝
Հետևում են դեռևըս քեզ
Եվ չափում ա՛յն,
Ինչ կոչվում է «անմատչելի»,
Ու ձգվում է
Իմ հիացքից մինչև անծիր հմայքը քո,-
Մի անսահմա՜ն տարածություն,
Որ թերևըս հաղթահարվեր,
Թե աստղային օրացույցով մենք ապրեինք
Կամ թերևըս չլինեինք այսքա՜ն…այսքա՜ն օրինապահ:


Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով…

Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:

Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:

Ես կանչում եմ նրան քո անունով
Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:

Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կանչում էին ոգիներին բարի…
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:

Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի…

Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:


Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…


Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն՝
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն՝ սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս՝ շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…

Իսկ դրսում ցուրտ է.
Դրսում ամպ ու զամպ,
Իսկ դրսում հիմա տարանցիկ քամին
Տոմսակ է փոխում ա՜յն կայարանում,
Որ ո՜չ մի տեսակ ցուցանակ չունի:
Եվ խշրտուքը անօգ ծառերի՝
Շնչառությա՛ն պես,
Հևոցի՜ նման՝
Խուժում է սրտիս համատարածը,
Խուժում, գրավում ու նստում ծանըր՝
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՛ նման:

Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես…

Անվավեր սիրո հորձանուտի մեջ
Գլուխ եմ հանում ես՝ լոտոսի պես
Մինչև կզակըս արդեն ջրասույզ՝
Չեմ խեղդվում դարձյալ:
իսկ հետամնաց արփին, վերջապես,
Ծագում է դրսում,
Ծագում կեսօրին,
Աշխարհը ներկում ծաղր ու ծանակով:
Տարանցիկ քամին մեկնում է հեռու,
Ամպերը մատնում-դավում են իրար,
Ու խշրտուքը մրսող ծառերի
Հրդեհում է ինձ, կրակի մատնում՝
Չինգիզ խանի՛ պես,
Լենկ Թեմուրի՛ պես
Ու թուրքի՜ նման:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Իգությունն օդի սիրտս է խռովում,
Սիրտըս, որի մեջ, արյան հետ մեկտեղ,
Հոսում է նաև իմ խելքը հալված:
Ու վերջանում է ահեղ անձրևով
Ինքնամատնությունն անարգ ամպերի:
Սևերես երկինքն ինքնաբավորեն
Դառնում է իսկույն պարզերես կրկին
Ու մթնոլորտը՝ արդեն լուսոլորտ:
Եվ ժամանակն է կախվում օդի մեջ՝
Նո՛ւյն Չինգիզ խանի հորդայի նման,
Նո՛ւյն Լենկ Թեմուրի բանակի հանգույն,
Ու մորեխի պես միևնույն թուրքի՛:

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Սառչում են դանդաղ
Երակներս ամեն ու ոսկորներըս.
Ո՛չ հալած խելքի,
Եվ ո՛չ էլ արյան հոսք ու ընթացում:
Ու վավերացված սիրո ճանկերից
Մնում է միայն մի սիրտ բզկտված՝
Արդեն ավերվա՛ծ,
Ավարվա՜ծ արդեն,
Որպես երբեմնի մի քաղաքամայր,
Որով անցել է տարանցիկ քամին՝
Նո՛ւյն Չինգիզ խանը,
Նո՛ւյն Լենկ Թեմուրը,
Միևնույն թո՜ւրքը:

Տե՜ր աստված, փառքըդ շա՛տ լինի:




Follow

Get every new post delivered to your Inbox.